ՔՈ ԿՅԱՆՔԻ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ

Մի օր մի մարդ գնաց ճանապարհորդության։ Հասնելով հեռավոր երկիր՝ նա գնեց մի ուղեցույց, որում կար տեղեկատվություն կղզիներում գտնվող ամրոցների մասին։

Այնտեղ նշված էին այցելությունների օրերն ու ժամերը, սակայն խիստ սահմանափակումներով։ Էջերից մեկում նա տեսավ «Քո կյանքի էքսկուրսիան» հատուկ առաջարկը։ Այդ էջում փակցված նաև մի գեղեցիկ ամրոցի լուսանկար կար, որը գրավեց ճամփորդի ուշադրությունը, և վերջինս ցանկացավ ընդունել առաջարկը․․․


Ուղեցույցում ասվում էր, որ այդ էքսկուրսիայի համար կանխավճար չեն վերցնում, որի պատճառները պարզ կդառնան ավելի ուշ, սակայն նախապես պետք է գրանցել այցելության օրն ու ժամը։

Ճամփորդը, էլ ավելի շահագրգռված լինելով, զանգահարեց երեկոյան և պայմանավորվեց այցելություն համար։ Դռան մոտ նրան ջերմորեն դիմավորեց ամրոցի պահակը։

- Իսկ մնացած այցելուները ներսու՞մ են, - հարցրեց ճամփորդը։

- Այցելունե՞ր։ Ամրոց այցելում են առանձին-առանձին, և մենք զբոսավարի ծառայություններ չենք առաջարկում, - պատասխանեց պահակը։

Նա այցելուին հակիրճ ներկայացրեց ամրոցի պատմությունը և նշեց ուշադրության արժանի բոլոր տեսարանները՝ պատերի նկարներ, միջանցքներում առկա զրահների ցուցանմուշներ, աստիճանների տակ գտնվող սրահում առկա ռազմական զենքեր, ընտանեկան դամբարաններ և ստորգետնյա բանտում գտնվող խոշտանգումների սենյակ։

Ավարտելով խոսքը՝ նա հյուրին տվեց մի գդալ և խնդրեց, որ այն ուղիղ պահի և շուռ չտա։

- Իսկ ինչո՞ւ, - հարցրեց ճամփորդը։

- Մենք մուտքավճար չենք գանձում, և էքսկուրսիայի արժեքը գնահատվում է այսպես․ յուրաքանչյուր այցելուի տալիս ենք մինչև վերջ ավազով լցված գդալ, որը կշռում է ուղիղ հարյուր գրամ, և առաջարկում ենք ինքնուրույն շրջել ամրոցով։ Ամրոց այցելելուց հետո մենք կշռում ենք գդալի մեջ մնացած ավազը և այցելուից խնդրում ենք մեկ ֆունտ ստերլինգ գդալից թափված յուրաքանչյուր գրամի դիմաց..., - պատասխանեց պահակը։

- Իսկ եթե ես ոչ մի գրամ չթափե՞մ, - հարցրեց ճամփորդը։

- Այդ դեպքում ձեր այցն ամրոց կլինի անվճար, - պատասխանեց պահակը։

Այցելուն զարմացավ և ուրախացավ՝ լսելով այդ պայմանները։ Հյուրընկալ պահակը գդալը լցրեց ավազով, և ճամփորդը սկսեց իր այցելությունը։

Վստահ լինելով ձեռքի ամրության վրա և աչքը գդալից չկտրելով՝ դանդաղ բարձրացավ աստիճաններով։ Վերևում՝ զրահների սրահի մոտ, որոշեց ներս չմտնել, քանի որ քամին կարող էր քշել ավազը, և նախընտրեց անմիջապես իջնել։ Անցնելով աստիճանների տակ գտնվող ռազմական զենքերի սրահի կողքով, հասկացավ, որ դրանք մոտիկից կարող է տեսնել՝ միայն կռանալով բազրիքի վրա։ Դա վտանգավոր չէր, բայց գդալի պարունակությունը գրեթե ամբողջությամբ կթափվեր, ուստի սահմանափակվեց՝ սրահը հեռվից զննելով։

Նույն պատճառաբանությամբ էլ նա չմտավ ստորգետնյա բանտ, քանի որ այնտեղ պետք է իջներ մեծ թեքություն ունեցող սանդուղքով։

Նա շատ գոհ դուրս եկավ ամրոցից, որտեղ նրան սպասում էր կշեռքները ձեռքին պահակը։

- Զարմանալի է, բայց դուք ընդամենը կես գրամ եք կորցրել»,- բարձրաձայնեց պահակը, - շնորհավորում եմ, այս այցը ձեր վրա անվճար կնստի:

- Շնորհակալություն, - ասաց ճամփորդը։

- Ձեզ դուր եկա՞վ Ձեր այցելությունը, - հարցրեց պահակը։

Ճամփորդը տատանվելուց հետո որոշեց անկեղծանալ․

-Ճիշտն ասած՝ մի քիչ։ Ես անընդհատ մտածում էի ավազի մասին և չէի նայում շուրջս։

- Ինչ սարսափելի է։ Գիտեք, ես Ձեզ համար բացառություն կանեմ։ Ես նորից կլցնեմ ձեր գդալը, քանի որ այդպիսին է կանոնը, բայց մոռացեք ավազի մասին: Տասներկու րոպե անց գալիս է հաջորդ այցելուն։ Դուք պետք է ժամանակին հետ վերադառնաք, -ասաց պահակը։

Ժամանակ չկորցնելով՝ ճամփորդը վերցրեց գդալը և վազեց միջանցքներով, արագ հայացք նետեց զրահների ցուցանմուշներին, աստիճաններից գլորվեց ցած, որոնք տանում էին դեպի ստորգետնյա բանտ, և աստիճանների վրա թափեց գդալի ավազի մի մասը։ Նա այնտեղ ոչ մի րոպե չմնաց, քանի որ ժամանակը սպառվում էր։ Նա թռավ թռչունի նման և հայտնվեց աստիճանների տակ, որտեղ բազրիքին թեքվելով թափեց ավազի մնացորդը։

Նայելով ժամացույցին՝ նա հասկացավ, որ արդեն անցել է տասնմեկ րոպեն։ Զենքերը զննելու ժամանակ չմնաց, և նա նորից վազեց դեպի ամրոցի ելքը, որտեղ դատարկ գդալը տվեց պահակին։

-Ավազ չի մնացել, բայց մի անհանգստացենք, նախկին պայմանավորվածությունն ուժի մեջ է: Ի՞նչ կասեք այս անգամ: Ձեզ դուր եկավ այցելությունը:

Ճամփորդն անմիջապես ասելու բան չգտավ։

- Իրականում, ոչ, - վերջապես պատասխանեց նա, - ես միայն մտածեցի, թե ինչպես անեմ, որ չուշանամ, թափեցի ամբողջ ավազը, բայց ոչ մի հաճույք չստացա:

Պահակը վառեց ծխախոտը և ասաց.

- Կան մարդիկ, ովքեր փորձում են կյանքն անցնել այնպես, որպեսզի ոչնչի համար չվճարեն և չեն կարողանում վայելել այն: Կան մարդիկ էլ, ովքեր միշտ շտապում են, արագ կորցնում են ամեն ինչ, և կրկին հաճույք չեն ստանում կյանքից: Շատ քչերն են հասկանում կյանքը: Նրանք բացահայտում են կյանքի յուրաքանչյուր անկյունը և վայելում ամեն պահը։ Նրանք գիտեն, որ կյանքում ամեն ինչ իր գինն ունի, բայց հասկանում են, որ արժե վճարել։

No comments:

Post a Comment

ՍՈՎՈՐԻՐ ՍԻՐԵԼ

- Հասկանում ես․․․ մենք միշտ վիճում ենք․․․ մենք չենք կարող լինել միասին, այդպես չէ՞։ - Իսկ դու սիրու՞մ ես բալ։ - Այո։ - Իսկ դու դրա կորիզը հա...