Մի օր ուսուցիչն առաջարկեց աշակերտին իր հետ անտառում զբոսնել: Ինչ որ պահ նրանք լուռ էին, հետո ուսուցիչն հարցրեց.
- Զգո՞ւմ ես օդի համը։
Աշակերտը մի պահ հոտոտեց անտառի մաքուր օդը, իսկ հետո սկսեց թվարկել անտառում առկա բույրերը:
- Հոտառությունդ լավ զարգացած է, - ուսուցիչն ասաց ժպիտով,- բայց ես քեզ այլ հարց տվեցի։ Ի՞նչ կասես օդի համի մասին:
Աշակերտը լեզուն հանեց, այս ու այն կողմ շարժեց, բայց ոչինչ չզգաց ու շփոթված նայեց ուսուցչին։ Ուսուցիչը, առանց որևէ բան ասելու, մի ձեռքով ամուր սեղմեց աշակերտին դեպի իրեն, իսկ մյուսով փակեց նրա բերանը և քիթը, որպեսզի նա չկարողանա շնչել։ Սկզբում աշակերտը չդիմադրեց, բայց մի քանի վայրկյան անց գործեց ինքնապաշտպանական բնազդը։ Ուսուցիչը բաց թողեց նրան։ Որոշ ժամանակ աշակերտը կարծես պայքարում էր ավելի շատ շնչելու և ապրելու համար։
- Հիմա ի՞նչ կասես: Ի՞նչ համ ունի օդը: - հարցրեց Ուսուցիչը:
- Կյանքի, կյանքի համ, - ասաց շնչակտուր եղած աշակերտը:
-Ճիշտ ես, - ժպիտով ասաց ուսուցիչը, - փորձիր միշտ զգալ այդ համը։ Քեզ համար կյանքը կդառնա շատ ավելի պայծառ ու հարուստ: Կյանքի համն առկա է սննդի, խմիչքների և այլ բաների մեջ, որոնք քեզ շրջապատում են։ Մի կեր այն սնունդը, որի մեջ այդ համը չես գտնի։ Հեռու մնա հոգեպես մահացածներից։ Խմիր կյանքի գավաթից և աշխատիր վայելել յուրաքանչյուր կումը, յուրաքանչյուր կտորը, յուրաքանչյուր շունչը:
No comments:
Post a Comment