Մի օր երկու նավաստիներ ճանապարհորդում էին աշխարհով մեկ՝ գտնելու իրենց ճակատագիրը: Նրանք նավարկեցին մի կղզի, որտեղ ցեղերից մեկի առաջնորդն ուներ երկու դուստր։ Մեծը գեղեցիկ էր, իսկ փոքրը՝ ոչ այքան։
Նավաստիներից մեկն ասաց իր ընկերոջը.
-Վերջ, ես գտա իմ երջանկությունը, ես մնում եմ այստեղ և պսակադրվում եմ առաջնորդի աղջկա հետ:
— Այո, դու ճիշտ ես անում, առաջնորդի ավագ դուստրը գեղեցիկ է։ Դու ճիշտ ընտրություն ես կատարում, պսակադրվիր, - պատասխանեց երկրորդ նավաստին։
- Դու ինձ ճիշտ չհասկացար, ընկեր։ Ես պսակադրվում եմ առաջնորդի կրտսեր աղջկա հետ, -ասաց առաջին նավաստին։
- Դու հո չէ՞ս գժվել։ Նա ... նա այդքան էլ գեղեցիկ չէ, - բացականչեց երկրորդ նավաստին զարմացած։
-Սա իմ որոշումն է, և ես կպսակադրվեմ, - պատասխանեց առաջին նավաստին։
Ընկերը շարունակեց իր նավարկությունն՝իր երջանկությունը գտնելու համար, իսկ փեսացուն գնաց խնամախոսության: Ցեղում ընդունված էր հարսնացուի դիմաց կովեր նվիրելը։ Լավ հարսնացուն տասը կով արժեր։ Նա քշեց տասը կովերը և մոտեցավ առաջնորդին․
- Առաջնորդ, ես ուզում եմ պսակադրվել Ձեր աղջկա հետ և նրա համար տասը կով եմ բերել:
-Լավ ընտրություն է: Մեծ աղջիկս գեղեցիկ է, խելացի և տասը կով արժե։ Համաձայն եմ,- ասաց առաջնորդը։
- Չէ, առաջնորդ, դուք ինձ լավ չեք հասկանում։ Ես ուզում եմ պսակադրվել Ձեր կրտսեր աղջկա հետ, - պատասխանեց փեսացուն։
- Դու կատակու՞մ ես։ Չե՞ս տեսնում, նա այնքան էլ գեղեցիկ չէ, - հարցրեց առաջնորդը։
-Ես ուզում եմ պսակադրվել նրա հետ, - պնդեց փեսացուն։
- Լավ, բայց որպես ազնիվ մարդ, ես չեմ կարող տասը կով քեզանից վերցնել, նա դրան չարժե։ Ես նրա դիմաց երեք կով կվերցնեմ, ոչ ավելին,- ասաց առաջնորդը։
- Ոչ, ես ուզում եմ վճարել ուղիղ տասը կով,- համառեց փեսացուն։
Նրանք ամուսնացան։
Անցավ մի քանի տարի, և թափառող ընկերն իր նավով որոշեց այցելել հին ընկերոջը և իմանալ, թե ինչպես է նա ապրում։ Նա հասավ ափ, քայլեց ափով և ճանապարհին հանդիպեց անհավատալի գեղեցկություն ունեցող կնոջ։
Նա հարցրեց նրան, թե ինչպես գտնի իր ընկերոջը: Վերջինս ուղեկցեց նրան ընկերոջ մոտ։ Տեսավ ընկերոջը նստած, իսկ շուջ բոլորը երեխաներ էին վազվզում։
- Ինչպես են գործերդ,- ասաց ափ հասած ընկերը։
- Ես երջանիկ եմ, - ասաց պսակադրված ընկերը։
Այդ պահին ներս մտավ ընկերոջը հանդիպած կինը։
- Ծանոթացիր, սա իմ կինն է,- ասաց պսակադրված ընկերը։
-Ինչպե՞ս: Դու երկրորդ անգամ ե՞ս պսակադրվել, - հարցրեց ափ հասած ընկերը։
- Ոչ, նույն կինն է, - պատասխանեց ընկերը։
- Բայց ինչպե՞ս եղավ, որ նա այդպես փոխվեց,-հարցրեց ափ հասածը։
- Կարող ես իրեն հարցնել,- պատասխանեց ընկերը։
Ընկերը մոտեցավ ընկերոջ կնոջը և հարցրեց.
- Ներեցեք անտակտությանս համար, բայց ես հիշում եմ, թե ինչպիսին էիք իրականում: Ի՞նչ պատահեց, որ դուք այդքան գեղեցկացաք:
- Հասկացա, որ ես ևս տաս կով արժեմ,- ժպիտով պատասխանեց ընկերոջ կինը։
No comments:
Post a Comment