-Ուսուցիչ, ինչո՞ւ ինձ ավելի շատ հանձնարարություններ չեք տալիս, մինչդեռ մյուսները գրեթե ամեն օր նորն են ստանում, -հարցրեց աշակերտն ուսուցչին։
- Ես կպատասխանեմ, բայց ոչ՝ հիմա։ Հիմա արի ճաշենք,- ասաց ուսուցիչը։
Աշակերտը համաձայնեց, հատկապես որ սոված էր։
-Միայն թույլ տուր, որ ես ինքս քեզ կերակրեմ,- նախքան ճաշելը ասաց ուսուցիչը։
Առաջարկը տարօրինակ թվաց աշակերտին, բայց, այնուամենայնիվ, նա համաձայնեց՝ կարծելով, որ այս կերպ ուսուցիչն ավելի մեծ ուշադրություն է դարձնում իրեն։
Սնունդը բերեցին։ Ուսուցիչը գդալի մեջ լցրեց համեղ, բուրավետ և հյութալի փլավը և մոտեցրեց աշակերտի բերանին, որն ախորժակով սկսեց ուտել այդ անմահական ուտելիքը։ Նա հաճույքից օրորեց գլուխը, փակեց աչքերը և հիացած ուզեց գովել խոհարարի վարպետությունը, բայց հենց բերանը բացեց՝ ասելու՝ ինչ հրաշք է, մյուս ճաշով գդալը հայտնվեց բերանում։ Նա սկսեց ծամել, բայց դեռ չավարտած, շքեղ ուտեստից ևս մեկ գդալ լցվեց բերանը։ Նա ավելի ու ավելի արագ էր ծամում, և չնայած դրան, ավելի ու ավելի հաճախակի էր փլավով գդալը հայտնվում բերանում։
Ի վերջո, ուսանողը չդիմացավ և լի բերանով բացականչեց.
- Ինչ-որ տեղ ե՞ք շտապում։ Ինչու՞ եք բերանս լցնում, եթե դեռ չեմ կերել ու չեմ հասնցում վայելել այս հրաշալի փլավի համը։ Արդյո՞ք անհնար է դանդաղ ուտել՝ զրուցելով հաճելի թեմաների շուրջ:
- Կարելի է, բայց դա քեզ դուր չի գալիս, - ասաց ուսուցիչը:
- Ի՞նձ։ Իսկապե՞ս։ Ո՞վ ասաց Ձեզ,- հարցրեց աշակերտը։
- Դու ինքդ՝ կես ժամ առաջ,- բացատրեց ուսուցիչը։
- Ե՞ս,- զարմացած հարցրեց աշակերտը։
- Դու չէի՞ր, որ խնդրեցիր, նոր հանձնարարություններ ավելացնեմ, երբ հները դեռ քո կողմից ծամված և յուրացված չեն։ Քեզ նոր առաջադրանքներ տալը, նախքան նախորդները կավարտես և կյուրացնես, նման է դեռ չծամած, բերանը սնունդով լցնելուն: Մի շտապիր ստանալ շատ առաջադրանքներ և դրանք ավարտին հասցնել: <<Կամաց շտապե՛ք>> ասում էին մեր նախնիները, որպեսզի բաց չթողնես կյանքը։ Կատարիր դրանք ուրախությամբ և ջանասիրությամբ, այլ ոչ թե շտապելով: Մի վերածիր կյանքդ մարաթոնի: Զգա կյանքիդ համը և վայելիր այն։
No comments:
Post a Comment