ԽՆԴԻՐԸ ԹԱՔՆՎԱԾ Է ԳԼԽՈՒՄ

Հին Չինաստանում ամուսնացած աղջիկը, ըստ սովորույթի, պետք է ապրեր ամուսնու տանը և ծառայեր ամուսնուն ու մորը: Այնպես եղավ, որ մի աղջիկ հարսանիքից հետո չկարողացավ դիմանալ սկեսուրի կշտամբանքներին։ Նա որոշեց ազատվել նրանից։ Աղջիկը գնաց խոտաբույսերի վաճառականի մոտ, որն իր հոր ընկերն էր և ասաց.


- Ես այլևս չեմ կարող ապրել սկեսուրիս հետ։ Նա ինձ խելագարության կհասցնի: Կարող ե՞ք օգնել ինձ։ Ես ձեզ կվճարեմ։

- Ի՞նչ կարող եմ անել քեզ համար, - հարցրեց վաճառականը։

- Ես ուզում եմ, որ դուք ինձ թույն տաք, որով և կթունավորեմ սկեսուրիս և կազատվեմ նրանից, - պատասխանեց աղջիկը։

Երկար մտածելուց հետո խոտաբույսերի վաճառականն ասաց.

-Լավ, ես քեզ կօգնեմ: Բայց դուք պետք է հասկանաս երկու բան։ Նախ և առաջ, դու չես կարող անմիջապես թունավորել սկեսուրիդ, քանի որ մարդիկ կկռահեն, որ դա քո պատճառով է տեղի ունեցել: Ես քեզ կտամ խոտաբույսեր, որոնք աստիճանաբար կսպանեն նրան, և ոչ ոք չի մտածի, որ նա թունավորվել է։ Երկրորդ, թունավորման կասկածանքի տակ չընկնելու նպատակով, դու պետք է մեղմացնես քո զայրույթը, սովորես հարգել նրան, սիրել, լսել և համբերատար լինել: Այդ դեպքում ոչ ոք չի կասկածի, որ նրա մահվան պատճառը դու ես։

Աղջիկը համաձայնվեց, վերցրեց խոտաբույսերը և սկսեց դրանք ավելացնել սկեսուրի ուտելիքի մեջ։ Դրա հետ մեկտեղ նա սովորեց զսպել իրեն, լսել սկեսուրին և հարգել վերջինիս։ Տեսնելով, թե ինչպես է հարսի վերաբերմունքը փոխվել իր նկատմամբ, սկեսուրը սկսում է ամբողջ սրտով սիրել նրան հարազատ աղջկա նման։ Նա բոլորին հայտնում է, որ իր հարսը լավագույնն է, ում մասին կարելի էր միայն երազել։ Վեց ամիս անց նրանք ավելի են մտերմանում, ինչպես կարող են մտերմանալ հարազատ մայրն ու աղջիկը։

Եվ հետո մի օր աղջիկը գալիս է խոտաբույսերի վաճառականի մոտ և աղերսում նրան, որ փրկի սկեսուրին, քանի որ չի ուզում այլևս սպանել նրան, և ավելացնում, որ վերջինս ամենալավ սկեսուրն է աշխարհում։

Խոտաբույսերի վաճառականը ժպտաց և պատասխանեց.

- Մի անհանգստացիր, ես քեզ ոչ մի թույն էլ չէի տվել։ Այն, ինչ ես քեզ տվել եմ, պարզապես համեմունքներ էին: Թույնը միայն քո գլխում էր, իսկ դու ինքդ քեզ ազատեցիր դրանից։

No comments:

Post a Comment

Ո՞ՐՆ Է ԱՄԵՆԱՈՒԺԵՂԸ

Մինչ լուսաբացը Շապուր թագավորն, անկողնում պառկած, լսեց իր պահակախմբի անդամների ձայները, որոնք վիճում էին իրար մեջ։ - Աշխարհում ամենաուժեղն ի...