ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Մի անգամ Հինգ Շին իր աշակերտներից մեկի հետ նստած էր փոքրիկ, սակայն գեղեցիկ լճակի ափին։ Օդը լցված էր բնության բոլոր նուրբ բույրերով, մեղմ փչում էր զեփյուռը, իսկ լճակի հայելային անդրադարձն անհավատալի կերպով արտացոլում էր շրջակա միջավայրը: Բնության կատարելությունը, նրա հավասարակշռությունն ու մաքրությունն ակամայից ներդաշնակությանը վերաբերող մտքեր ծնեցին Հինգ Շիի գլխում։ Ուստի որոշ ժամանակ անց նա դիմեց իր աշակերտին.

- Յան Լի, ասա ինձ, ըստ քեզ, ե՞րբ մարդկային հարաբերություններում կտիրի լիակատար ներդաշնակություն։

Երիտասարդ և հետաքրքրասեր Յան Լին, որը հաճախ ուղեկցում էր ուսուցչին, նայեց շրջակա բնությանը և ջրում առկա դրա արտացոլանքին և ասաց.

- Ինձ թվում է, որ մարդկանց հարաբերություններում ի հայտ կգա ներդաշնակություն միայն այն ժամանակ, երբ բոլոր մարդիկ համակարծիք լինեն, մտածեն նույն կերպ, դառնան միմյանց արտացոլանքը: Այդ դեպքում տարաձայնություններ, վեճեր չեն լինի,- ասաց երազկոտ ուսանողը և տխուր ավելացրեց,- բայց մի՞թե դա հնարավոր է:


- Ոչ, - պատասխանեց Հինգ Շին, - անհնար է, և այդպիսի անհրաժեշտություն չկա։ Իրականում, դա կլիներ ոչ թե ներդաշնակություն, այլ՝ լիակատար կրկնօրինակում, արդյունքում մարդը կկորցներ իր ներքին <<ես>>-ը՝ անհատականությունը։ Այդպես մարդ կդառնա ոչ թե արտացոլանք, այլ՝ որևէ մեկի ստվերը։ Մարդկային հարաբերություններում ներդաշնակությունը հնարավոր կդառնա միայն այն ժամանակ, երբ յուրաքանչյուր մարդ ձգտի ոչ թե համակարծիք լինել կամ կրկնօրինակել ուրիշին, այլ հարգել մեկ այլ անձի՝ անհատականությունն արտահայտելու իրավունքը։

No comments:

Post a Comment

Ո՞ՐՆ Է ԱՄԵՆԱՈՒԺԵՂԸ

Մինչ լուսաբացը Շապուր թագավորն, անկողնում պառկած, լսեց իր պահակախմբի անդամների ձայները, որոնք վիճում էին իրար մեջ։ - Աշխարհում ամենաուժեղն ի...