Մի անգամ մի իմաստուն ծերունի եկավ մի գյուղ և մնաց այնտեղ։ Նա շատ էր սիրում երեխաներին և ժամանակի մեծ մասն անցկացնում նրանց հետ։ Նա նաև սիրում էր նրանց նվերներ տալ, բայց նվիրում էր միայն փխրուն խաղալիքներ։ Որքան էլ երեխաները ջանում էին նուրբ վարվել դրանց հետ, դրանք հաճախ կոտրվում էին։ Երեխաները տխրում էին և դառնորեն լաց լինում։ Որոշ ժամանակ անց իմաստունը կրկին խաղալիքներ նվիրեց երեխաներին, սակայն՝ ավելի փխրուն։
Մի օր ծնողներն, ընթացքին հետևելով, եկան նրա մոտ.
- Դուք իմաստուն եք և միայն լավն եք ցանկանում մեր երեխաներին։ Բայց ինչո՞ւ եք նրանց նման խաղալիքներ տալիս։ Նրանք ամեն կերպ ջանում են նուրբ վարվել խաղալիքների հետ, սակայն դրանք կոտրվում են: Բայց և այնպես, Ձեր նվիրած խաղալիքներն այնքան գեղեցիկ են, որ հնարավոր չէ դրանցով չխաղալ։
- Կանցնեն տարիներ,- ժպտաց ծերունին,- և նրանցից յուրաքանչյուրը կհանդիպի ինչ որ մեկի, որն իրեն կսիրի ու կնվիրի իր սիրտը։ Միգուցե ներկան նրանց սովորեցնի, թե ապագայում ինչպես պետք է վարվել նման անգին նվերի հետ:
No comments:
Post a Comment