Մի քանի շաբաթ առաջ սուրճ պատրաստեցի, վերցրեցի առավոտվա թերթը և նստեցի ռադիոհաղորդում լսելու։ Շրջեցի ալիքները, և հանկարծ ուշադրությունս գրավեց ծերունու նուրբ ձայնը։ Նա ինչ-որ բան էր խոսում հազարավոր գնդակների շուրջ։ Ես հետաքրքրվեցի, ձայնն ավելի բարձրացրի ու հարմար տեղավորվեցի թազկաթոռիս մեջ։
-Դե,- ասաց ծերունին,- գրազ կգամ, որ Դուք շատ զբաղված եք Ձեր աշխատանքով: Եվ երեկ էիք զբաղված, և՝ այսօր, և՝ վաղը․․․Թող, որ Ձեզ շատ վճարեն, սակայն դրանով գնում են կյանքի Ձեր ժամերը։ Մտածեք այն մասին, որ այդ ժամերը չեք անցկացնում ձեր հարազատների և սիրելիների հետ: Չեմ հավատա, որ այդքան ժամ աշխատում եք ծայրը ծայրին հասցնելու համար։ Դուք պարզապես աշխատում եք ձեր ցանկությունները բավարարելու համար։ Բայց իմացեք, որ դա ծուղակ է. որքան շատ փող եք աշխատում, այնքան շատ եք ուզում աշխատել՝ ավելին ստանալու համար: Դուք պետք է ինքներդ ձեզ հարց տաք. <<իսկ ինձ իսկապե՞ս պետք է նոր վերնահագուստ կամ մեքենա>>: Արդյունքում հանուն դրա բաց եք թողում Ձեր դստեր առաջին պարային ելույթը կամ Ձեր որդու սպորտային մրցույթը: Թույլ տվեք պատմել Ձեզ մի բան, որն իսկապես օգնեց ինձ պահպանել և հիշել այն, ինչ կարևոր է կյանքում:
Մի օր ես նստեցի և հաշվարկ արեցի: Մարդու միջին կյանքի տևողությունը 75 տարի է։ Գիտեմ, որ որոշ մարդիկ ավելի քիչ են ապրում, իսկ մյուսներն՝ ավելի շատ... Բայց նրանք ապրում են մոտ 75 տարի: Իսկ հիմա 75-ը կբազմապատկեմ 52-ով, որը կազմում է մեկ տարվա կտրվածքով կիրակի օրերի թիվը։ Արդյունքում մենք կունենանք 3900 թիվը, այսինքն՝ մարդն իր կյանքում միջին հավշարկով ունենում է ընդամենն այդքան կիրակի օր։ Երբ ես մտածեցի այդ մասին, հիսունհինգ տարեկան էի արդեն։ Սա նշանակում էր, որ ես արդեն ապրել եմ մոտ 2900 կիրակի օր․ ինձ մնացել էր ապրելու ընդամենը 1000 կիրակի․․․ Այսպիսով, ես գնացի խաղալիքների խանութ և գնեցի 1000 փոքրիկ պլաստմասե գնդակներ։ Բոլորը դրեցի թափանցիկ տարայի մեջ։ Դրանից հետո ես ամեն կիրակի դուրս էի հանում մեկ գնդակ և նետում այն։ Նկատեցի, որ գնալով գնդակների թիվը նվազում է, որի արդյունքում սկսեցի ավելի շատ ուշադրություն դարձնել կյանքի իրական արժեքների վրա: Չկա ավելի ուժեղ միջոց, քան դիտել, թե ինչպես է պակասում Ձեզ հատկացված օրերի թիվը։ Հիմա լսեք վերջին միտքս, որը կուզենայի այսօր կիսվել Ձեզ հետ՝ նախքան սիրելի կնոջս գրկելը և նրա հետ զբոսանքի գնալը։
Այսօր առավոտյան ծննդյան տարեդարձիս հանեցի վերջին գնդակը... Ուստի ամեն օրն ինձ համար նվեր է դարձել։ Ես այն ընդունում եմ երախտագիտությամբ և ջերմությամբ ու ուրախություն եմ պարգևում հարազատներիս ու սիրելիներիս։ Գիտե՞ք, ես կարծում եմ, որ դա կյանքն ապրելու միակ ճանապարհն է և ոչ մի բանի համար չեմ ափսոսում․․․
No comments:
Post a Comment