Գյուղերից մեկում Սիրդոն անունով մի խորամանկ ծերունի էր ապրում։ Նրան ոչ ոք չէր սիրում, բայց նա իմաստուն էր ու ծեր, այդ իսկ պատճառով նրա հետ հաշվի էին նստում: Մի անգամ նա եկավ իր հարևան Բալիի մոտ։
- Սիրելի Բալի, ես հյուրեր ունեմ հեռուներից եկող, կարո՞ղ ես ինձ տալ քո մեծ կաթսան, որ շատ մեծ քանակի կերակուր պատրաստեմ և հյուրասիրեմ իմ հյուրերին, - հարցրեց Սիրդոնը։
- Իհարկե, Սիրդոն, միայն խնամքով վարվիր կաթսայի հետ և վաղն առավոտյան ետ վերադարձրու, - պատասխանեց Բալին։
Առավոտյան Սիրդոնը կաթսան բերեց Բալիի տուն և ասաց․
- Ահա, Բալի, քո կաթսան։ Շնորհակալություն քեզ կաթսայի համար։ Եվ ահա ևս մեկը: Առավոտյան գտա այս փոքրիկ կաթսանն էլ։ Ըստ երևույթին, սա քո կաթսան է, քանի որ այն ծնվել է քո մեծ կաթսայից։ Նրան էլ վերցրու։
Բալին ուրախացավ ծերունու հիմար միամտությունից և ուրախությամբ վերցրեց փոքրիկ կաթսան ևս։
Անցավ ամառը, և Սիրդոնը նորից եկավ Բալիի մոտ՝ կաթսան տանելու։
-Իհարկե, Սիրդոն, վերցրու կաթսան, իսկ եթե հանկարծ նորից ծննդաբերի, ուրեմն ծնածին էլ կբերես, - ասաց Բալին։
Հաջորդ օրը երեկոյան Բալին հայտարարեց, որ կրկին սպասում է հիմար Սիրդոնին և, հավանաբար՝ մեկ այլ նոր կաթսայի հետ միասին։
- Բարև Սիրդոն: Ուրախ եմ քեզ տեսնել։ Իսկ իմ կաթսան նորից չի՞ ծննդաբերել, - հարցրեց Բալին։
Սիրդոնը, իբր լաց լինելով, ասաց.
- Մեծ վիշտ պատահեց, Բալի, քո կաթսան մահացավ, և ես նրան թաղեցի։
- Անհեթեթություն ես խոսում, Սիրդոն: Ինչպե՞ս կարող է կաթսան մահանալ, - մի փոքր զայրացած հարցրեց Բալին։
- Ի՞նչ ես կարծում, Բալի: Նրանք, ովքեր ծննդաբերում են, վաղ թե ուշ չ՞են մահանալ, - պատասխանեց իմաստուն և խորամանկ Սիրդոնը։
No comments:
Post a Comment