ԿԱՎՆ ՈՒ ԱՂՅՈՒՍՆԵՐԸ

- Ուսուցիչ, ինչո՞ւ է կյանքն այսքան անարդար։ Իմաստունը, երբ ծերանում է, վերածվում է մանուկի, և նրա իմաստնությունը, հոսելով ավազի պես, այնպես է այնհայտանում, որ կարծես նա երբեք իմաստուն չի եղել: Ի՞նչ է իմաստնությունը, և ինչո՞ւ է երկինքը պատժում մեզ ծերունական տկարամտությամբ, - հարցրեց աշակերտը ուսուցչին։


- Նախ և առաջ իմաստնությունը չի կարող անհետանալ: Միայն իմաստնության պատրանքն է հոսում ավազի պես, և դրա տերը պոկոտում է իր մազերը և բարձրաձայն սգում կորուստը: Իրականում հնարավոր չէ կորցնել այն, ինչ երբեք չեք ունեցել: Երկրորդ, ծերունական տկարամտությունը ոչ թե պատիժ է, այլ՝ օրհնություն: Միայն խիզախ ու արժանավոր մարդիկ կարող են դիմակայել ժամանակին՝ գիտակցելով իրենց հոգու երիտասարդությունը և մարմնի ծերացումը:


Ուսուցիչն իրեն թեյ լցրեց և շարունակեց.

- Ասա ինձ, որդիս, ինչու՞ ես սովորում:

- Որպեսզի ավելի խելացի դառնամ, - պատասխանեց մտահոգ աշակերտը:

- Դա միջոց է, ոչ թե նպատակ: Չէ՞ որ դու թամբում ես ձին ոչ թե թամբելու նպատակով, այլ ձիով ճանապարհ ընկնելու համար, - ասաց ուսուցիչը թեյից մի կում անելուց հետո։

- Ես սովորում եմ, որպեսզի աշխարհի կառուցվածքը հասկանամ: Ինձ հետաքրքիր է, թե ինչպես են գիտելիքի տարբեր կտորները հավաքվելու և կազմելու ամբողջական խճանկար, որը վերջնական կդառնա միայն այն ժամանակ, երբ վերջին գիտելիքի կտորն իր տեղը գրավի, - բացատրեց աշակերտը։

- Քո նշվածն իսկապես հետաքրքիր գործընթաց է, սակայն այն երբեք վերջնակետին չի հասնում և ընդամենը միջոց է, այլ ոչ՝ նպատակ։ Ի վերջո, դու ձի ես քշում ոչ թե այն քշելու համար, այլ ճանապարհն անցնելու համար, - խոսքը շարունակեց ուսուցիչը՝ գլխով անելով աշակերտին։

- Իսկ այդ դեպքում ո՞րն է նպատակը, ուսուցիչ, - հարցրեց աշակերտը՝ սպասելով անհամբեր պատասխանին։

- Մարդու միտքը նման է կավի, որը ժամանակի հետ կարող է հեշտությամբ ձևափոխվել կամ ջրի հետ գնալ, որն էլ հանդիսանում է ծերունական տկարամտության պատճառը։ Բայց կան արժանավոր մարդիկ, ովքեր կավի համար նախ և առաջ վառարան են կառուցում՝ գործ են ստեղծում։ Սա բարդ, ժամանակատար գործընթաց է, որը երբեմն խլում է մարդու ողջ կյանքը։ Սկզբում նրանք հիմք են ստեղծում իրենց գործի համար, որի կառուցվում է սկզբունքների, բարոյականության և այլ բարոյական արժեքների վրա։ Հետո նրանք սկսում են իրենց գործը հիմնավորել իրենց ձեռք բերված կրթության վրա, այսինքն կառուցել վառարանի պատերը։ Պատերի կառուցման՝ գործի հիմնման մեջ նրանք օգտագործում են իրենց ողջախողությունն ու տրամաբանությունը։ Որքան ուժեղ լինեն մարդու ողջախոհությունն ու տրամաբանությունը, այնքան գիտելիքներն ավելի կիրառական կդառնան․ պատերը կամրանան: Իսկ երբ վառարանը պատրաստ է լինում, նրանք սկսում են թերծել կավը՝ իրենց մտքերը՝ վերածելով ամուր, կոշտ աղյուսների՝ ակնհայտ արդյունքների, - բացատրեց ուսուցիչը ձեռքի բաժակը մի կողմ դնելուց հետո։

- Բայց ես չհասկացա, ուսուցիչ, թե որն է իրական ուսուցման նպատակը: Ի վերջո, վառարան սարքելը և կավն այրելը ևս ընդամենը միջոցներ են, - ուսուցչի պատասխանից չբավարարված հարցրեց աշակերտը։

- Իհարկե, միջոցներ են, նպատակին հնարավոր կլինի հասնել միայն այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը քո պատրաստած աղյուսներից գոնե մեկը վերցնի և օգտագործի իր կարիքների համար:Նպատակը գոյության իմաստը հասկանալը չէ․ դա անհնար է: Նպատակը աղյուս ստանալն է, որը խելացի լինելու միակ գրավականն է։

No comments:

Post a Comment

ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ

- Ուսուցիչ, ո՞րն է կյանքի իմաստը, - հարցրեց աշակերտներից մեկը ուսուցչին։ - Ո՞ւմ կյանքի, - հարցրեց մի փոքր զարմացած ուսուցիչը։ - Ընդհանրապես։...