Երեք իմաստուններ վիճաբանում էին, թե որն է մարդու համար կարևոր՝ անցյալը, ներկան, թե ապագան: Նրանցից մեկն ասաց.
- Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ իմ անցյալի շնորհիվ, քանի որ այն, ինչ գիտեմ, սովորել եմ անցյալում։ Ես հավատում եմ ինքս ինձ, որովհետև արել եմ այն ամենը, ինչ նախկինում ստանձնել եմ: Ինձ դուր են գալիս այն մարդիկ, որոնց հետ նախկինում ես ինձ լավ եմ զգացել կամ, երբ մարդիկ նման են վերջիններիս։ Ես հիմա նայում եմ ձեզ, տեսնում եմ ձեր ժպիտները և սպասում ձեր առարկություններին, քանի որ մեկ անգամ չէ, որ մենք վիճաբանում ենք, և արդեն գիտեմ, որ դուք սովոր չեք ինչ-որ բանի հետ համաձայնվել առանց առարկության։
- Հնարավոր չէ համաձայնվել քո մտքերի հետ,- պատասխանեց երկրորդ իմասստունը,- եթե դու ճիշտ լինեիր, ապա մարդը սարդի պես դատապարտված կլիներ օր օրի մնալ իր սովորությունների ցանցի մեջ: Մարդը կերտում է իր ապագան։ Կարևոր չէ, թե ինչ գիտեմ և ինչ եմ կարողանում անել հիմա, ես միշտ սովորում եմ այն, ինչ ինձ պետք է ապագայում: Իմ պատկերացումն այն մասին, թե ինչ եմ ուզում դառնալ երկու տարի հետո, շատ ավելի իրատեսական է, քան իմ հիշողությունը, թե ինչ էի ինձանից ներկայացնում երկու տարի առաջ, քանի որ իմ գործողություններն այժմ ուղղված են ոչ թե դեպի իմ անցյալը, այլ՝ իմ ապագան։ Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք տարբերվում են նրանցից, ում նախկինում ճանաչել եմ: Եվ ինձ հետաքրքիր է զրուցել ձեր հետ, քանի որ ակնկալում եմ հետաքրքիր վիճաբանություն և մտքերի անսպասելի շրջադարձեր:
- Դուք անտեսում եք այն իրականությունը, - առարկեց երրորդ իմաստունը, - որ անցյալն ու ապագան գոյություն ունեն միայն մեր մտքերում: Անցյալն այլևս չկա։ Ապագա դեռ չենք կերտել։ Եվ անկախ նրանից, թե արդյոք հիշում ենք մեր անցյալը կամ երազում ենք ապագայի մասին, մենք գործում ենք միայն ներկայում։ Միայն ներկայում կարող ենք ինչ-որ բան փոխել մեր կյանքում․ մենք չենք կարող կառավարել ոչ մեր անցյալը, ոչ էլ մեր ապագան: Միայն ներկայում կարելի է երջանիկ լինել․ անցյալի հիշողությունները մեզ տխրեցնում են, իսկ ապագա երջանկության ակնկալիքը՝ անհանգստացնում է։
No comments:
Post a Comment