ԱՆԿԱՅՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ

Չինացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մի որդի ուներ։ Նա խելացի տղա էր, բայց անկայուն էր․ որքան էլ փորձեին որևէ բան սովորեցնել, ջանք չէր թափում, և գիտելիքները մակերեսային էին։ Թեպետ կարողանում էր նկարել կամ նվագել երաժշտական գործիքների վրա, բայց ամբողջությամբ չէր տիրապետում, օրենքները ևս թերի գիտեր։

Նրա հայրը, առկա դրությունից ելնելով, նրան ուղարկեց մարտարվեստի դպրոց, որպեսզի հոգեպես զորեղանա և դառնա իսկական տղամարդ։ Սակայն երիտասարդը շուտով հոգնեց մարտարվեստի նույն հարվածների միապաղաղ շարժումներից։

- Քանի՞ անգամ կարող եմ կրկնել նույն շարժումը: Արդյո՞ք ժամանակը չէ, որ տիրապետեմ իրական մարտարվեստին, որով այդքան հայտնի է Ձեր դպրոցը, - պահանջեց մի քանի օր անց երիտասարդն ուսուցչից։ Ուսուցիչը չպատասխանեց, բայց թույլ տվեց նրան մարզվել ավագների հետ և սովորել նոր հնարքներ։


Մի օր ուսուցիչը կանչեց երիտասարդին, հանձնեց նրան հորն ուղղված նամակը և ասաց․

- Այս նամակը կհանձնեք ձեր հորը։

Երիտասարդը վերցրեց նամակը և գնաց հարևան քաղաք, որտեղ ապրում էր հայրը։ Քաղաք տանող ճանապարհին մեծ մարգագետնի կողքով անցնելիս՝ երիտասարդը տեսավ մի ծերունու, որն ամեն պահ կրկնում էր մարտարվեստի հարվածի միևնույն շարժումը։

- Հե՜յ, ծերուկ,- բղավեց հեգնանքով երիտասարդը, - եթե դու նույն շարժման վրա այսքան շատ ժամանակ ես ծախսում, դու նույնիսկ չես կարողանա հաղթել երեխայի։

- Նախ և առաջ հաղթիր ինձ, ապա նոր իրավունք ունեցիր ինձ վրա ծիծաղելու, - պատասխանեց ծերունին։ Երիտասարդն ընդունեց մարտահրավերը։ Նա ավելի քան տաս անգամ փորձեց հարձակվել ծերունու վրա, սակայն ամբողջությամբ ձախողվեց։ Նրա սովորած ոչ մի մարտարվեստի հարված ծերունուն չդիպեց և երիտսարդը հանձնվեց։

- Ես կարող էի քեզ սպանել առաջին իսկ հարվածով, - ասաց ծերունին, - բայց դու դեռ երիտասարդ ես ու հիմար։ Հանգիստ գնա քո ճանապարհով։

Երիտասարդը ամոթահար հասավ հայրական տուն և հորն հանձնեց ձեռքի նամակը <<Մարտարվեստի կատարելությանը հասած մի հարվածն ավելի արժեքավոր է, քան կիսատ սովորած 100 հարվածները>> գրվածքով։

No comments:

Post a Comment

ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ

- Ուսուցիչ, ո՞րն է կյանքի իմաստը, - հարցրեց աշակերտներից մեկը ուսուցչին։ - Ո՞ւմ կյանքի, - հարցրեց մի փոքր զարմացած ուսուցիչը։ - Ընդհանրապես։...