ԱՌԱԿ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ


- Ինչպե՞ս է հաջողվում պահպանել ընտանեկան երջանկությունը։ Դուք և ձեր կինը երբեք չեք վիճում, բոլորը ձեզ հարգում են և գալիս են խորհուրդներ ստանալու։ Ո՞րն է գաղտնիքը, - մի օր հարցրեց մի երիտասարդ իմաստունին։

Իմաստունը ժպտաց և կանչեց կնոջը։ Սենյակ մտավ մի ժպտադեմ ու գեղեցիկ կին։ Մի պահ թվաց, թե նա իր արտաքինով երջանկություն էր ճառագում։

- Այո սիրելիս, - դիմեց կինն ամուսնուն։

- Սիրելիս, խնդրում եմ, խմոր պատրաստիր գաթայի համար, - խնդրեց ամուսինը։

- Լավ, - պատասխանեց կինը, իսկ հետո դուրս եկավ ու քսան րոպե անց կրկին ներս մտավ ու ասաց, - խմորը պատրաստ է։

- Դրա մեջ ավելացրու մեր պաշարում պահած լավագույն յուղերից մեկը և այն բոլոր ընկույզները, որոնք մենք պահել էինք մեր որդու ծննդյան տորթի պատրաստման համար, - կարգադրեց ամուսինը։

-Լավ,- պատասխանեց կինը և վերադարձավ 10 րոպե անց։




- Նաև ավելացրու այն կավի կտորը, որ դրված է բակում և նոր թխիր, - կրկին խոսեց ամուսինը։

- Լավ, - ասաց կինը և եռեսուն րոպե անց ներս մտավ՝ այդ տարօրինակ գաթան ձեռքին բռնած։

- Իհարկե, մենք դա չենք ուտելու: Դա խոզերին տուր, - պատվիրեց ամուսինը։

- Լավ, - ասաց կինը:

Հյուրը ցնցված էր։ Ոչ մի հակաճառություն չկար, կինն արեց այն ամենը, ինչ ասաց ամուսինը, նույնիսկ երբ վերջինի միտքն անհեթեթ էր։

Արդյունքում երիտասարդը որոշեց վերադառնալ տուն և նույնը փորձել տանը։ Երբ տուն մտավ, անմիջապես լսեց կնոջ ծիծաղը։ Կինն իր ընկերուհիների հետ սեղանի շուրջ նստած խաղ էր խաղում։

- Տիկին, - դիմեց կնոջը երիտասարդ ամուսինը։

- Ես զբաղված եմ,- զայրացած արձագանքեց ամուսնուն կինը։

- Տիկին, - բղավեց կրկին ամուսինը։

- Ի՞նչ է պետք, - հարցրեց կինը տաս րոպե անց ամուսնու դիմաց հայտնվելուց հետո։

- Խմոր սարքիր, - կարգադրեց ամուսինը։

- Դու խելագարվել ե՞ս։ Տունը լիքն է ուտելիքներով, իսկ ես էլ այլ անելիք ունեմ,- պատասխանեց կինը։

- Ասեցի խմոր սարքիր, - կարգադրեց կրկին անգամ ամուսինը։

Կես ժամ անց կինը զայրացած հայտնեց, որ խմորը պատրաստ է։

- Դրան ավելացրու մեր լավագույն ընկույզները և ամբողջ յուղը, - կարգադրեց ամուսինը։

- Դու խելագարվե՞լ ես։ Վաղը չէ մյուս օրը քրոջս հարսանիքն է, և ընկույզը պետք է կարկանդակի համար, - հանդիմանեց կինը։

-Արա ինչ ասում եմ, - պատվիրեց ամուսինը։

Կինը խմորի մեջ լցրեց միայն ընկույզների մի մասը, իսկ հետո նորից դուրս եկավ ամուսնու մոտ։

- Իսկ հիմա խմորին կավ ավելացրու և թխիր, - դիմեց ամուսինը կնոջը։

- Շատ կուզեմ տեսնել, թե ոնց ես ուտելու, - ասաց զայրացած կինը՝ կես ժամ անց վերադառնալով սենյակ, և շպրտեց գաթան սեղանին։

- Ես չեմ ուտելու, գաթան տար խոզերին տուր, - ասաց ամուսինը։

- Գիտե՞ս ինչ,- վրդովվեց կինը,- ուրեմն ինքդ էլ կգնաս ու խոզերիդ կկերակրես:

Կինը շրխկացրեց դուռը և գնաց իր սենյակ, իսկ մի քանի օր շարունակ նա բոլորի մոտ սկսեց ծաղրել ամուսնուն՝ պատմելով այս պատմությունը։

Երիտասարդը հուսալքված վերադարձավ իմաստունի մոտ և վրդովված բացականչեց․

- Ինչու։ Ինչու է Ձեզ մոտ ամեն ինչ ստացվում և քո կինն անում, ինչպես դու ուզում ես, իսկ իմ կինը խայտառակեց ինձ բոլորի մոտ և մինչև հիմա ծիծաղում է ինձ վրա։

- Շատ պարզ է։ Ես չեմ կռվում և չեմ հրամայում իմ կնոջը։ Ես պաշտպանում եմ նրան, և դա հանգստացնում է իրեն։ Իմ կինն իմ ընտանեկան բարեկեցության հիմքն է, - հանգիստ պատասխանեց իմաստունը։

- Իսկ հիմա ի՞նչ անեմ, ուրիշ կին փնտրեմ, - հարցրեց երիտասարդը։

- Դա ամենապարզ լուծումն է, որը քեզ կտա ամենատխուր արդյունքը։ Դու և քո կինը պետք է սովորեք հարգել միմյանց: Եվ դու, որպես տղամարդ, պետք է առաջինն անես ամեն ինչ, որպեսզի նա երջանիկ լինի, - պատասխանեց իմաստունը։

- Բայց ես նրա համար արդեն ամեն ինչ անում եմ, - պատասխանեց երիտասարդը։

- Իսկ նա երջանի՞կ է: Իսկ դու երջանի՞կ ես։ Ի վերջո, դուք ընտանիք եք ստեղծել, որպեսզի սիրեք միմյանց, հոգ տանեք և ուրախացնեք իրար, այլ ոչ թե կռվեք, հրամայեք ու քննարկեք միմյանց…, - պատասխանեց իմաստունը։

Մտքերի մեջ ընկած՝ երիտասարդը շարժվեց դեպի տուն։ Ճանապարհին նա տեսավ մի գեղեցիկ վարդի թուփ։ Հենց այդպիսի վարդեր էր նա մի ժամանակ ամեն օր նվիրում իր կնոջը։ Նա մի ճյուղ պոկեց ու տարավ տուն։ Բոլորն արդեն քնած էին։ Նա չէր ուզում անհանգստացնել իր կնոջը, և պարզապես ծաղիկներ դրեց նրա գլխի մոտ։

Առավոտյան ի զարմանս երիտասարդի, կինը տաք նախաճաշ էր պատրաստել և վերջինիս աչքերը փայլում էին։ Նա գրկեց ամուսնուն և նրբորեն համբուրեց նրան առաջվա պես։ Այդ օրվանից հետո երիտասարդը դադարեց անկարևոր բաներով զբաղվել, սկսեց ավելի շատ ժամանակ տրամադրել կնոջը և փորձեց նրան ավելի երջանկացնել, ավելի նուրբ վարվել ու ավելի մեծ ուշադրության արժանացնել։ Կինը դադարեց հոր տուն գնալ ամեն անպատեհ առիթով ու սկսեց պատրաստել միայն ամուսնու սիրած կերակուրները․․․

Անցավ մի քանի տարի, և մի օր մի երիտասարդ թակեց նրանց դուռը և ասաց․

-Լսել եմ, որ ձեր հարաբերությունները օրինակելի են ուրիշների համար, իսկ ես ոչինչ չեմ կարող անել։ Մենք անընդհատ կռվում ենք կնոջս հետ, վիճում ենք, նա ծախսում է իմ ամբողջ գումարը... Ո՞րն է գաղտնիքը։ Ես արդեն այնքան շատ գրքեր եմ կարդացել, բայց դրանցից ոչ մեկն ինձ չօգնեց…

Տան տերը ժպտաց և ասաց.

- Ներս մտեք սիրելի հյուր: Ժամանակին եք եկել, հենց այս պահին կինս պատրաստվում է գաթա թխել...

No comments:

Post a Comment

ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ

- Ուսուցիչ, ո՞րն է կյանքի իմաստը, - հարցրեց աշակերտներից մեկը ուսուցչին։ - Ո՞ւմ կյանքի, - հարցրեց մի փոքր զարմացած ուսուցիչը։ - Ընդհանրապես։...