ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԾՈՎԸ


Մի աղքատ գյուղում տղա ծնվեց։ Նրա օրերը անցնում էին դատարկ և միապաղաղ գյուղի մնացած բնակիչների օրերի պես, որոնք գաղափար չունեին, թե ինչ անել կյանքի հետ։ Մի օր տղան երազում ծով տեսավ: Գյուղացիներից ոչ ոք ծով չէր տեսել, ուստի ոչ ոք չկարողացավ հաստատել, որ աշխարհում ինչ-որ տեղ ծով կա։

Երբ տղան հայտարարեց, որ պատրաստվում է շարժվել դեպի ծովը, մնացած գյուղի բնակիչները նրան խելագար անվանեցին։ Բայց նա, չնայած այդպիսի արձագանքի, ճանապարհ ընկավ և հայտնվեց չորս ճանապարհները հատող խաչմերուկում։ Նա ընտրեց ուղիղ ճանապարհը և մի քանի օր անց հասավ մեկ այլ գյուղ, որի բնակիչները հանգիստ ու բարեկեցիկ կյանք էին վարում։ Երբ երիտասարդն ասաց այդ գյուղի բնակիչներին, որ ինքը երազում է ծով տեսնել, տեղի բնակիչներն ասացին, որ վերջինս անիմաստ ժամանակ է վատնում և դրա փոխարեն ավելի լավ է մնա իրենց գյուղում ու ամենքի պես երջանիկ ապրի։

Արդյունքում տղան մի քանի տարի ապրեց բարեկեցիկ կյանքով, սակայն մի գիշեր նորից մտածեց և հիշեց իր անկատար երազանքի մասին։ Երիտասարդը որոշեց լքել գյուղը և նորից ճանապարհ ընկավ։ Բոլորին հրաժեշտ տալուց հետո նա վերադարձավ խաչմերուկ ու այս անգամ ընտրեց երկրորդ ճանապարհը։ Նա երկար քայլեց և հասավ մի մեծ քաղաքի։ Այն իրեն հիացրեց և, տեսնելով քաղաքի բազմացանությունն ու տեսարանների առատությունը, որոշեց մնալ։ Այնտեղ նա ուսում ստացավ, վայելեց կյանքը և վերջ ի վերջո մոռացավ իր ճամփորդության նպատակի մասին։

Մի քանի տարի անց նա կրկին մտածեց, որ եթե չիրագործի իր երազանքը, ապա իր կյանքն անիմաստ վատնած կլինի։

Նա վերադարձավ իրեն ծանոթ խաչմերուկ և ընտրեց երրորդ ճանապարհը, որն իրեն տարավ դեպի անտառ։ Անտառում՝ բացատի կողքին նկատեց մի խրճիթ։ Խրճիթի տան տիրուհին գեղեցիկ կին էր և կախում էր լվացված շորերը։ Վերջինս, նրան տեսնելով, հրավիրեց իր հետ ապրելու, քանի որ ամուսինը գնացել էր պատերազմի և չէր վերադարձել։ Ճամփորդը համաձայնվեց և մնաց այդտեղ։

Երկար տարիներ նրանք երջանիկ ապրեցին, երեխաներ ունեցան ու մեծացրեցին, բայց ծերացած ճամփորդի միտքը դեռ չէր մոռացել ծով տեսնելու երազանքի մասին։ Արդյունքում նա թողեց իր ընտանիքը և կրկին վերադարձավ խաչմերուկ և բռնեց չորրորդ ուղին, որը շատ զառիթափ և քարքարոտ ճանապարհ էր։ Այս անգամ ճամփորդը շատ դժվար էր առաջ շարժվում և վախենում էր հյուծվելուց։

Հասնելով մի լեռան՝ որոշեց բարձրանալ այն հույսով, որ գոնե հեռվից կարող է տեսնել իր երազանքը՝ ծովը: Մի քանի ժամ անց նա իր վերջին ուժերով բարձրացավ լեռան գագաթը։ Վերևում կանգնած նա տեսավ իրեն ծանոթ խաչմերուկը իր չորս ուղիներով․ գյուղը, որտեղ բնակիչները բարեկեցիկ կյանք էին վարում, մեծ քաղաքը, որտեղ վայելել էր լիությունն ու բազմազանությունը, կնոջ խրճիթը, որի հետ նա շատ երջանիկ տարիներ էր անցկացրել: Իսկ ավելի հեռվում՝ հորիզոնում երևաց անծայրածիր ծովը։ Ծերունին սկսեց լաց լինել, քանի որ հասկացավ, որ չորս ուղիներն էլ շարժվել են դեպի ծովը, սակայն վերջինս այդպես այնտեղ չի հասել։

No comments:

Post a Comment

ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ

- Ուսուցիչ, ո՞րն է կյանքի իմաստը, - հարցրեց աշակերտներից մեկը ուսուցչին։ - Ո՞ւմ կյանքի, - հարցրեց մի փոքր զարմացած ուսուցիչը։ - Ընդհանրապես։...